Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

2.Արքունիքը քաղբյուրոյի փոխարեն՝ ի՞նչ է կատարվում Պուտինի շրջապատում

2.Արքունիքը քաղբյուրոյի փոխարեն՝ ի՞նչ է կատարվում Պուտինի շրջապատում
07.09.2017 | 21:46

(Առաջին մաս)

Պալատներ, որ չկան


Մոտավորապես 2009-ի սկզբին Ռուսաստանում հայտնվեց քաղաքական նոր ձևավորում, որ մինչ այդ չկար: Մենք փորձում ենք բռնել այդ պլստացող քաղաքական ֆենոմենի պոչից: Ֆենոմեն, որ ձգտում է չորսվել և որևէ կերպ չիմաստավորվել: Ֆենոմեն, որ, մեղմ ասած, թաքնվում է կողմնակի աչքերից: Այդ ֆենոմենը նախագահ Պուտինի արքունիքն է: Խոսքը արքունիքի մասին չէ դասական դիխտոմիայի իմաստով՝ մոդեռնի ու պատրիմոնալ գերիշխանության միջև, արքունիք ունեն իշխաններն ու տիրակալները, բյուրոկրատիա՝ նախագահներն ու բռնակալները: Ռուսական քաղաքականությունը, հասկացված իբրև միավորում պետական իշխանության գործունեության և այդ իշխանության մասին մտածելու միջոցների, լիովին թույլ է տալիս «վերամիացնել», օրինակ, մոդեռն վարչակարգի բարձրագույն բյուրոկրատիային պատրիմոնալին ու հակառակը՝ կախված քննվող գործից՝ առանց միացնելու «արքունիքը»: Խնդիրն այլ է:
Վլադիմիր Պուտինի թիմի էքսպանսիան գագաթնակետին հասավ Դմիտրի Մեդվեդևին երկրի նախագահ ընտրելու պահին: ՈՒ անհապաղ փլուզվեց իշխանության փոխանցումից հետո: Պուտինը ստիպված էր վերակառուցել սեփական կյանքը, ցրել շրջապատը, փոխել աշխատանքի ձևերն ու սովորությունները: Վարչապետի շուրջ սկսեց հավաքվել ու վերանույնականանալ նրա սեփական արքունիքը՝ մարդկանց շրջանակը, որ նրա հետ կապված էին ամենօրյա աշխատանքով, շրջանակ, որտեղ թիկնապահ Ալեքսեյ Դյոմինը, արարողակարգի շեֆ, տուր-մենեջեր Անտոն Վայնոն, լայտ օլիգարխ Արկադի Ռոտենբերգը հավասար իրավունքներով մարդիկ են և նրանց խնդիրն է աջակցել պատրոնին ու միայն այդպես մասնակցել պետության կառավարմանը: Այդ շրջանը հայտնի վերապահումով կարելի է անվանել «պալատների շինարարության շրջան, որոնք չկան»: Պուտինին վերագրվող ոչպաշտոնական նստավայրերը Լեռնային Ալթայում ու Ֆիշտում սկսվում են հենց այդ ժամանակ: Պուտինի արքունիքը ձևավորվում է ոչ իբրև Պուտինի թիմի էվոլյուցիայի հետևանք, ոչ իբրև պետության կառավարման ձև, այլ իբրև այդ թիմի կազմաքանդման ձև: Ձև, որտեղ պետության կառավարման խնդիրը երկրորդ պլան է մղվում, իսկ առաջին պլան են գալիս չեզոքությունը, պատրոնի հարմարավետությունը, նրա հանգստի կազմակերպումը: Առաջին պլան են գալիս նաև, գիտական լեզվով ասած, հավաքական նույնականության այլ մեխանիզմներ՝ ոչ խորհրդակցություններ Նոր Օգարյովոյում, որ ավարտվում էին բոլոր հրավիրվածների համար խորովածով, այլ համատեղ այցեր սուրբ վայրեր կամ ծննդյան տոնակատարություններ նեղ շրջանակով: Փոխվում է հարցերի լուծման կերպը՝ Պուտինի կարգավիճակի նվազումը նրան առավել մատչելի է դարձնում նրանց համար, ովքեր արդեն արքունիքի մաս են դարձել, ով բախտ է ունեցել հրավիրվել:


Արքունիքի ներսում Պուտինը բառացիորեն թուլանում ու հաճույք է ստանում՝ փաստաթղթերը ստորագրում է բանկետների ժամանակ, խոստումներ է տալիս, որ առաջ չէր անում: Հայտնվում է կարևոր պահ՝ Պուտինի երկու օրակարգ՝ վարչապետ Պուտինի պաշտոնական օրակարգը, որտեղ, ստուգեք այդ տարիների նրա կայքի արխիվը, բաց օրեր կան՝ երկու, երբեմն և երեք, և պատրոն Պուտինի, նրա արքունքի օրակարգը, որ ապրում է այլ, ոչ աշխատանքային կյանքով հենց այդ բաց մնացած օրերին:
Պուտինի թիմի խաղացողները 2009- 2011-ին անցնում են զտման ու ընտրության բարդ գործընթացներ: Ինչ-որ մեկը, պետական պաշտոնը պահպանելով, ստանում է և արքունական կարգավիճակ: Ինչ-որ մեկը վճարում է պաշտոնի դիմաց՝ արքունիքում չհայտնվելով: Ինչ-որ մեկը, հակառակ, հրաժարվում է պաշտոնից՝ արքունիքում մնալու համար: Հայտնվում են արքունական բարձրագույն կարգավիճակի հավակնող անձինք՝ միաժամանակ պետական ռեսուրսի առավելագույն միավորման, ինչպես Յակունինը, Սեչինը, Չեմեզովը կամ Շոյգուն: Ձևավորվում են արքունիքում ընտրության չափանիշներ՝ նվազագույն հրապարակայնություն, հրաժարում սեփական հովանավորչական ցանցերից, սեփական արքունիքից, քաղաքական հավակնություններից, որոշակի պահվածք, պատրաստակամություն լինել պատրոնի «ձախ ձեռքը», այսինքն՝ խնդիրները լուծել ոչ պետական ապարատի կանոններով, այլ օգտագործելով պետական ապարատի ու սեփական ռեսուրսները, արագ, արդյունավետ, չանհանգստացնելով պատրոնին: 2012-ին, երբվանից սկսվում է «քաղբյուրո 2.0»-ի մասին զեկույցների հաշվարկը, Պուտինը հայտնվում է երկընտրանքի առաջ: Կազմալուծել արքունիքը՝ վերադառնալով թիմային, պետական աշխատաոճին: Կամ՝ արքունիքը ներմուծել այդ թիմային, պետական աշխատաոճի մեջ: Ընտրվեց երկրորդ տարբերակը:


Նախագահի ռազմավարական շտաբի կողքին, որ նրա աշխատակազմը պետք է լինի, պետական ապարատի մեխանիզմի կողքին, որ կառավարության աշխատակազմը պիտի լինի, հայտնվում է ևս մեկը՝ արքունիքը: Ամեն ինչ սկսում է ճռնչալ՝ չեզոքությունը դառնում է երկակի, ավելի լավ է՝ եռակի: Հրապարակայնությունը՝ մեկ դրական, մեկ բացասական գործոն: Ագրեսիան ու համառությունը՝ մեկ արժանիք, մեկ՝ թերություն:


Գիշերային ժողով


ՈՒշադրություն դարձրեք ևս մեկ հետաքրքիր և համարյա չիմաստավորված պահի Ռուսաստանի նորագույն պատմության մեջ: Հիբրիդային պատերազմների, որ Արևմուտքի կարծիքով Ռուսաստանը վարում է ՈՒկրաինայում, Սիրիայում ու գլոբալ ցանցում, ինֆրակառույցները իբր սպասարկում են (կամ սպասարկել են) արքունիքի անձինք, օրինակ՝ Եվգենի Պրիգոժինը: Նրան է վերագրվում և «Վագներ» գումարտակի, օլգինյան տրոլլների ֆաբրիկայի ֆինանսավորումը: 2012-ից հետո արքունիքը ստացել է կվազիպետական իրավասություններ և անում է այն, ինչ չէր կարող անել Պուտինի 2003-ի կամ նույնիսկ 2007-ի թիմը: ՈՒրիշ ի՞նչ է անում արքունիքը: Քննարկենք մշակութային քաղաքականության զիգզագները: «Քաղբյուրո 2.0»-ի կազմից 2017-ի օգոստոսի վարկածով ոչ ոք չունի արտահայտված մշակութային նախընտրություններ, ասենք, պահպանական բնույթի: Նրա անդամների մի մասը չեզոք է մշակույթի հարցերում, մյուս մասը լիովին վեստերնացված է վաղուց: Բայց ինչու՞, չնայած «քաղբյուրո 2.0»-ի ակնհայտ չեզոքությանը մշակույթի հարցերին, չնայած մշակույթի ծախսերի անկնհայտ աննշանությանը «քաղբյուրո 2.0»-ի դիտակետում, որ բաշխում է միլիարդավոր դոլարներ, ոչ թե ռուբլիներ, Ռուսաստանում հայտնվել, ձևակերպվել ու ամրապնդվել է պահպանական մշակութային վեկտորը: Ո՞վ է գրոհում թատրոններն ու ցուցասրահները: Մեդվե՞դևը: Չեմեզո՞վը: Կարծես՝ ոչ: Բայց եթե գտնեք արքունիքի հայտնի դեմք, նախագահի մերձավոր, բայց պաշտոններից խուսափող արքեպիսկոպոս Տիխոն Շևկունովին, որ, ըստ լուրերի, նախագահ Պուտինի խոստովանահայրն է, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մշակութային քաղաքականությունը, որ «քաղբյուրո 2.0»-ի համար մանր խնդիր է, չափազանց հետաքրքրում է արքունիքին ու դառնում է էքսպանսիայի օբյեկտ: Եվ ոչ միայն նա: «Աղբյուրները» հաճախ են խոսում Անվտանգության դաշնային ծառայության ոչ շարքային անդամներին Շևկունովի մատուցած հոգևոր սննդի մասին: Այդ տրենդը դեռ չի դարձել քաղաքականություն, բայց դառնալու շանսեր ունի:


Նախագահ Պուտինի շրջապատի դեմ անհատական պատժամիջոցների սահմանումը լուրջ հարված հասցրեց արքունիքին՝ ինչ-որ իմաստով արքունիքը հրապարակային ֆենոմեն դարձնելով: 2015-ից նախագահը, կարծես, սկսել է հասկանալ, որ արդեն հնարավոր չէ թաքցնել արքունիքը իբրև բացարձակ անվտանգության, անձնական հարմարավետության ու «ոչպաշտոնական խնդրանքների» գոտի: Այլ խնդիր էլ կա: Չլինելով պետական մեխանիզմ՝ արքունիքը այնունամենայնիվ վերաճում է պետապարատի, ճյուղավորվում հաճախորդների շղթաներով: Պետական ապարատի, էլիտայի, ում հարաբերությունները իշխանության հետ պաշտոնականացված են նախագահին առընթեր խորհուրդներով, РСПП-ի միջև հավասարակշռության նոր կետի որոնումներում, նախագահ Պուտինը սկսել է արքունիքի դեմքերին ուղարկել հրապարակային քաղաքականություն ու պետապարատ: Այդ տրենդը այսօր ընդունված է նվանել 2016-2017-ի կադրային հեղափոխություն: Պաշտոններ ստացան Վայնոն, Դյումինը, Զինիչևը: Արքունիքի ընդերքից դուրս գալով՝ ի՞նչ են անելու այս մարդիկ պետական պաշտոններում: Վերակազմակերպվելու՞ են թիմային, պետական աշխատանքի, թե՞ փորձելու են պահպանել նախագահի հետ հանդիպման ու իրենց խնդիրների լուծման ոչպաշտոնական, արքունական գործելաոճը: Այս հարցը ևս պետք է գրանցել 2018-ի խնդիրների ցանկում:


Կդառնա՞ էլիտան արքունիք, կրտսեր գործընկերոջ իրավունքով կմտնի՞ նախագահի անհատական հովանավորչական ցանցի մեջ, որ դրա շնորհիվ մուտացվում է որակապես նոր պետապարատի: Ի՞նչ կկատարվի ուժի մյուս կենտրոնների հետ, որ մնացել են «քաղբյուրո 2.0»-ում: Կհամաձայնե՞ն նրանք կուլ գնալ Պուտինի հովանավորչական ցանցին կամ կփորձե՞ն ինչ-որ չափով անկախություն պահպանել: Խոսելով նախագահի չորրորդ ժամկետի խնդիրների մասին, պետք է արձանագրել, որ Պուտինը դեռ չունի պատասխաններ ոչ միայն երկրի ապագայի կերպարի մասին հարցերին, այլև ապագա պետական ապարատի ու ռուսական քաղաքականության հարցերին: Ի՞նչն է նրա համար անձնապես վտանգավոր՝ պետության վերաճած արքունի՞քը, թե ևս վեց տարի արքունիքի հարձակումներին ենթարկվող ու արքունիքի օգտագործած պետությունը: Եվ ի՞նչն է ավելի վտանգավոր բոլորիս համար:
Կոնստանտին ԳԱԱԶԵ, Carnegie Moscow Center


Հ.Գ. Զարմանալի՞ չէ, որ ռուսական մամուլը կամ միջազգային մամուլը ռուսական թեմաներով հրապարակումներում ոչ թե գերակա է դարձնում՝ կմնա՞ Պուտինը նախագահ, թե՞ ոչ, այլ՝ ի՞նչ խնդիրներ ունի և կունենա նախագահ Պուտինը: Հայկական մամուլը գերադասում է անդրադառնալ միայն մակերեսին լողացող խնդիրներին, հետոն հետոյին թողնելով: ՈՒ՞մ է դա ձեռնտու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ